ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 13-ին այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Նախարարները զինծառայողներին մաղթել են շուտափույթ ապաքինում։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն: Բոլորն ստանում են համապատասխան բժշկական օգնություն:
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան: