Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ավստրալիայի Համագործակցության դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ավստրալիայի Համագործակցության դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում ակտիվացնել համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների և արժեքների վրա։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։

Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության դրական դինամիկան և միմյանց աջակցելու հարուստ փորձը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Գիրինգին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում