Քաղաքականություն

Վրաստանը պատրաստ է ստանձնել իր դերը Հարավային Կովկասում խաղաղության ապահովման գործում. Լաշա Դարսալիա

5 րոպեի ընթերցում

Վրաստանը պատրաստ է ստանձնել իր դերը Հարավային Կովկասում խաղաղության ապահովման գործում. Լաշա Դարսալիա

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» փորձագիտական համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն իր ելույթում նշեց, որ տվյալ միջոցառումն առաջինն է հունվարին Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման առթիվ երկու կառավարությունների հայտարարությունից հետո, և հիմա շատ կարևոր է, որպեսզի նաև փորձագիտական հանրությունն օգնի ձևավորել այն օրակարգը, որը թույլ է տալու ավելի միս և արյուն տալ երկկողմ հարաբերություններին:

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բավականին խորքային տրանսֆորմացիա են ապրել հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում: Եթե նախկինում մեր երկրների միջև հարաբերությունները առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքով, ապա այսօր մենք տեղափոխվել ենք մի փուլ, որտեղ երկու երկրների կառավարությունները քաղաքական կամք և պատրաստակամություն են դրսևորում միմյանց օգնելու, որպեսզի միասին անցնեն ճանապարհը: Եթե մենք ունենք բավականին բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, ապա, ցավոք, տնտեսական հարաբերությունները, մարդկանց միջև կոնտակտները շատ ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում և չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության մակարդակին, ուստի այս առումով բավականին անելիք ունենք»,- ասաց Կոստանյանը:

MXO_3166.JPG (803 KB)

Նրա համոզմամբ՝ փորձագիտական շրջանակները պետք է օգնեն երկու կառավարություններին, որպեսզի հնարավոր լինի զուգահեռ ու հավասարապես զարգացնել կապերը բոլոր ուղղություններով:

«Քննարկումների շրջանակը ներառում է թեմաներ, որոնք հավասարապես հետաքրքիր են երկու երկրների համար, հավասարապես կարևոր են ու հիմնված են Հայաստանի ու Վրաստանի դավանած արժեքների վրա»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան իր հերթին ներկաներին ուղղված իր տեսաուղերձում նշեց, որ Վրաստանին ու Հայաստանին վիճակված է կողք կողքի գոյակցել իրենց պատմությամբ և աշխարհագրությամբ, թեև բացառիկ հարաբերությունները, որոնք նշանավորվել են օրինակելի համագործակցության տևական ժամանակաշրջաններով, երբեք պայմանավորված չեն եղել բացառապես աշխարհագրական մերձությամբ։

«Մեր երկրները միշտ հավատարիմ են եղել մեր ժողովուրդների փոխվստահության, ներառականության և, առաջին հերթին, հարատև բարեկամության սկզբունքներին։ Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի։ Հռչակագիրն առաջին հերթին ուղղված է երկկողմ համագործակցության ընդլայնմանը և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Հայաստանը վաղուց եղել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատուն և անսասան աջակիցը։ Վրաստանը նույնպես աներկբա աջակցում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը«»,- ասաց Դարսալիան։

Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը կունենա դրական դինամիկա։ Նա շեշտեց, որ այս լույսի ներքո Վրաստանը պատրաստ է ստանձնել իր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

«Բացառապես այս նպատակին է ծառայում «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության գաղափարը, որը հիմնված է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հավասար ներգրավվածության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա: Վրաստանը հատկապես ողջունում է Եվրամիության հետ քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը։ Վրաստանը վերջին 20 տարիների ընթացքում կուտակել է Եվրամիության հետ երկխոսության մեծ փորձ«»,- նշեց Դարսալիան:

Նա վստահեցրեց, որ վրացական կողմը բաց է այդ առումով հայ գործընկերների հետ փորձի փոխանակման հեռանկարները քննարկելու համար:

«Մեր ժողովուրդների միջև դարավոր հաստատակամ բարեկամությունը մեզ ամուր հիմք է տալիս մեր հարաբերությունների համապարփակ շրջանակն էլ ավելի ամրապնդելու համար«»,- եզրափակեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում