Տնտեսություն

Նախատեսվում է, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից բաշխվող Հայաստանի մասնաբաժինը կաճի

2 րոպեի ընթերցում

Նախատեսվում է, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից բաշխվող Հայաստանի մասնաբաժինը կաճի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից բաշխվող Հայաստանի մասնաբաժինը, նախատեսվում է, որ կաճի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։

«2023 թվականին Հայաստանից, ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, գանձվել է 473 մլն դոլար, իսկ ստացվել է ընդամենը 181 մլն դոլար։ Բացասական սալդոն կազմել է 292 մլն դոլար»,–ասաց Պապոյանը։

Ներկայումս եվրասիական տնտեսական հարթակում ձևավորվել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանության մշակման և պարբերական վերանայման աշխատանքային խումբ, որի կազմում ներառվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։

«Անհրաժեշտ է արձանագրել, որ մեթոդաբանության փոփոխության պարագայում ցանկացած հաշվարկի դեպքում ՀՀ մասնաբաժինն աճելու է՝ լավագույն դեպքում հասնելով 2.13 տոկոսի, վատագույն դեպքում՝ 1.69 տոկոսի։ Ներկայումս ըստ բանաձևի ստանում ենք 1.22 տոկոսը»,–ասաց նախարարը։

Պապոյանը նման փոփոխության հույս հայտնեց ՝տեղեկացնելով, որ տարբերակներից մեկն էլ առհասարակ փոփոխություն չանելն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում