Ֆրանսիացի լրագրողները շարունակում են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հուզող հարցերը ներկայացնել միջազգային հարթակներում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանը հյուրընկալել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լեռնագնաց Սիլվեն Տեսոնին և լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին:

Նրանք հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, հոգսերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությամբ և պարբերաբար մեր երկրի անվտանգային հարցերի մասին բարձրաձայնում են իրենց հոդվածներով, ելույթներով:

Սիլվեն Տեսոնն առաջին անգամ 1994 թվականին է այցելել Հայաստան հեծանիվով ճամփորդության ընթացքում: Սիրել է մեր երկիրն ու նրա նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է մինչ օրս:

Երկրորդ այցը տեղի է ունեցել Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի ուղեկցությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին:

«Վերադառնալով Փարիզ՝ Հայաստանի աջակիցների մի խումբ ստեղծեցինք՝ արտիստներ, լրագրողներ, գրողներ, երաժիշտներ, մեզ միացան նաև Աստղիկ Սիրանոսյանն ու Անտուան Ագուջյանը: Մեր առաջին խնդիրն էր իրազեկել հասարակությանն ու կառավարությանը Հայաստանի խնդիրների մասին: Դա արել ենք, որ Եվրոպան չլքի Հայաստանը, որ քաղաքական գործիչները շարունակեն պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որոնք ագրեսիայի են ենթարկել Հայաստանը, և անուններ հնչեցնեն: Այդ ճնշումը կշարունակվի, որպեսզի ագրեսորներն առաջ չգան, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան և ապրեն Հայաստանում»,-ասում է Սիլվեն Տեսոնը:

Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը 2020 թվականից սկսած հանգամանալից լուսաբանում է Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Նախորդ երեք տարվա ընթացքում Բյուիսոնի նախաձեռնությամբ, նրա հեղինակմամբ ֆրանսիական մամուլում լույս են տեսել տասնյակ վերլուծական հոդվածներ, որտեղ օբյեկտիվ անդրադարձ է կատարվել Հայաստանի անվտանգային իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերին:

«Ես մերժում եմ Արցախի կորուստը: 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերից այն զգացողությունն ունեի, որ, եթե որևէ գիրք կամ հոդված գրեմ Արցախի մասին, դա վատ կանդրադառնա նրա վրա: Եթե գրեի, կստացվեր, որ Արցախի պատմությունն ավարտվել է, բայց ես չեմ ցանկանում հավատալ դրան, նույնիսկ այսօր, երբ Արցախը չունի իր սուվերենությունն ու պետությունը, այն գոյությունի ունի մարդկանց սրտերում: Գիրք կգրեմ Արցախի մասին այն ժամանակ, երբ արցախցիները վերադառնան իրենց երկիր, որտեղ ապրել են հազարավոր տարիներ: Կգրեմ այդ հզոր պատմության մասին: Եթե վերադառնան, դա միայն նրանց շնորհիվ չի լինի. նրանց կօգնեն, բայց հայերի վերադարձը իրենց հողեր կարելի է պատկերացնել այն դեպքում, երբ Ալիևի ռեժիմն այլևս չլինի»,-շեշտում է Բյուիսոնը:

Պատվավոր հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան, որտեղ ցուցադրվեց «Սև ճանապարհներին» ֆիլմը՝ հիմնված Տեսոնի ինքնակենսագրական վեպի վրա:

Սիլվեն Տեսոնը վաղ տարիքից տարված է քաղաքային ալպինիզմով։ Նվաճել է Փարիզի հանրահայտ հուշարձանների և վանքերի գագաթները: 2014-ին հերթական տանիքը բարձրանալիս վայր է ընկել: Միջադեպի պատճառով մասնակիորեն պարալիզացվել է գրողի դեմքը:

Ֆիլմը, որում Սիլվեն Տեսոնին մարմնավորում է օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, անդրադառնում է գրողի կյանքի այդ շրջանին և միջադեպից հետո նրա ուղևորությանը, երբ լրագրողը հաղթահարում է ավելի քան հազար երեք հարյուր կիլոմետր՝ հավատալով իր ուժերին:

«Նոր ուղղությունը գծելով՝ ջանում էի մտածել միայն նշանակետի մասին: Դա կամք էր պահանջում, և ես գիտեի, որ քայլելն ինձ կօգնի: Հենց այդպես էլ կարողացա հաղթահարել այդ ամբողջ դժբախտությունն ու դժվարությունները: Մեծ երջանկություն էր քայլելը»,-նշում է Տեսոնը:

Կինոնկարում բոլոր փորձություններին դիմակայելուց և նպատակին հասնելուց հետո, Տեսոնը ծնկի է գալիս ու լաց լինում՝ դեմքն առնելով ափերի մեջ:

Ասում է՝ դրանք և՛ երջանկության, և՛ տխրության արցունքներ էին: «Ես հասկացա, որ շարունակում եմ ճանապարհորդի իմ կյանքը, նաև գիտակցում էի, որ կորցրել եմ իմ երիտասարդությունն ու ուժը»,-խոստովանում է գրողը:

Սիլվեն Տեսոնը դեռ չի մտածել առաջիկա ուղևորության մասին: Հավաստիացնում է՝ մինչ նոր ուղղությունն ընտրելը հարկավոր է շարունակել հոդվածներ հրապարակել՝ նվիրված Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:

Հեղինակ՝ Անժելա Համբարձումյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն العربية Français Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին