Տնտեսություն

Մարդկանց անընդհատ մղելու ենք՝ հաղթահարելու աղքատությունը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մարդկանց անընդհատ մղելու ենք՝ հաղթահարելու աղքատությունը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք ոլորտներում առկա խնդիրների՝ շեշտելով, որ հանրային անվտանգության և առողջության տեսակետից առավել արդիական են երկու խնդիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կանայք հնարավորինս քիչ կանգնեն երեխա ունենալու, աշխատելու կամ կարիերա անելու երկընտրանքի առջև:

Հանրային անվտանգության և առողջության տեսակետից շատ կարևոր եմ համարում երկու խնդիր: Մենք որոշել ենք, որ պետք է անդրադառնալ, ընդհանրապես, կրթական հիմնարկների անվտանգության ապահովման խնդրին: Մենք ունենք որոշակի մտավախություններ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և այլն: Եվ, իհարկե, դպրոցական սննդի հետ կապված կարգավորումները նույնպես շատ կարևոր են, որովհետև, գլոբալ առումով ՀՀ-ում երեխաների շրջանում ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմը դառնում է համատարած: Այստեղ պետք է նաև դպրոցական սննդի ոլորտում կարողանանք որոշակի քաղաքականություններ մշակել, իհարկե, նաև ՝ զուգահեռ զարգացնելով նաև դպրոցական ենթակառուցվածքները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը Կառավարության առաջնահերթություններից է համարում ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված մոտեցումների և քաղաքականության մշակումը:

«Աղքատության գնահատման նոր համակարգը, որը ցանկանում ենք ներդնել, շատ կարևոր է: Սոցիալական այն քաղաքականությունը, որ երրորդ հանրապետությունում վարվել է, եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Կարծում եմ, այն ծրագիրը, որը մենք ստացել ենք, առնվազն տեսական մակարդակում համոզիչ է: Մենք մարդկանց անընդհատ մղելու ենք՝ հաղթահարելու աղքատությունը և, իհարկե, այստեղ շատ կարևոր է կրթության ոլորտի հետ համադրումը»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում