«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության տարելիցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 32-րդ տարելիցին՝ նշելով, որ թեև ՄԱԿ-ին անդամության ընդունելության չափանիշները պահանջում են, որ անդամ երկրները խստորեն հետևեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր կոնվենցիաներին ու որոշումներին, այնուհանդերձ, Ադրբեջանը չի խորշել իր գործողություններում արմատապես խախտել դրանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նաև նշված է. «Մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխի 33-րդ հոդվածով սահմանվում է, որ վեճի մասնակից կողմերը, եթե դրա շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, պետք է ամենից առաջ ձգտեն լուծել այն բանակցությունների և այլ խաղաղ միջոցներով։ Վերջին տասնամյակների ընթացքում հենց Արբեջանն է, որ զարգացրել է ռազմատենչ և թշնամական հռետորաբանություն, որի գործնական արտահայտությունը եղել է ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմի հրահրումը, այնպես էլ զինադադարից հետո սահմանային պարբերական սրացումները, 2016 թ․ քառօրյա պատերազմը, 2020 թ․ 44-օրյա պատերազմը, 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմը։

Երեք տասնամյակի ընթացքում Ադրբեջանը սանձազերծել է երեք պատերազմ՝ հրաժարվելով խաղաղ բանակցային գործընթացից, մեծացնելով ռազմական բյուջեն և սպառազինման ծավալները, զարգացնելով ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանություն և չթաքցնելով անգամ պատերազմի՝ քաղաքական առաքելություն համարելու համոզումները։ Ադրբեջանական նման վարքագիծը և անվերահսկելի արհամարհանքը միջազգային իրավունքի և այն կրող կառույցների ու մարմինների հանդեպ խորը անջրպետ են ստեղծում միջազգային իրավունքի իրացման հնարավորությունների և ընթացիկ իրողությունների միջև, ինչը, մի կողմից, թուլացնում է աշխարհացունց պատերազմների բովով ստեղծված միջազգային իրավական համակարգի հիմքերը, մյուս կողմից՝ ստեղծում թույլատրելիության նախադեպեր ապագայի համար՝ անկայության Դամոկլյան սուրը կախելով ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի խաղաղության և կայունության վրա։

Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին աչալուրջ գտնվել իրենց սահմանած կանոնների կիրառականության նկատմամբ և գործարկել համապատասխան զտիչ մեխանիզմներ՝ տարբերակելու այժմեական օգուտն ու երկարաժամկետ արժեքները»։

Հայերեն Русский

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Պերուն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի պակասի սպառնալիքի պատճառով

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ