ՀՀ վարչապետը և Կիպրոսի ԱԳ նախարարը կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը մայրաքաղաքներում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Կիպրոսի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել. «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատվում է որոշակի նոր դինամիկա։ Մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել, բայց չնայած դրան՝ մենք պետք է շարունակական առաջընթաց գրանցենք։ Տարբեր ոլորտներում համագործակցության բավականին մեծ օրակարգ ունենք։ Ունենք երկխոսություն անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտներում։ Կուզենայի մեր ուշադրությունը հրավիրել տնտեսական օրակարգի վրա, որն իմ կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի ավելի ամրապնդվեն հարաբերությունները։ Այս առումով ես նաև շատ մեծ նշանակություն եմ տալիս եռակողմ ֆորմատին, որին մասնակցում է նաև Հունաստանը: Հույս ունեմ, որ այս ամառ հանդիպում կկազմակերպենք, որն իմ կարծիքով, շատ կարևոր է։ Բարով եք եկել, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։ Կուզենայի լսել Ձեր տպավորությունների մասին, տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին Ձեր մեկնաբանությունները, և իհարկե, նաև մեր երկկողմ օրակարգի վերաբերյալ»:

Ըստ աղբյուրի՝ Կոնստանտինոս Կոմբոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել. «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Մենք արդեն քննարկել ենք Ձեր նշած բաղադրիչներից շատերը, մասնավորապես, թե ինչպես խորացնել մեր հարաբերությունները: Տեղեկացնեմ, որ այդ նպատակով առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում։ Նաև իմ գործընկերոջ հետ քննարկել ենք բիզնես ֆորումի հարցը, փորձելով դրա շրջանակում առավել կոնկրետ արդյունքներ գրանցել, այդ թվում՝ այն ոլորտներում, որտեղ արդեն լավ համագործակցություն ունենք՝ պաշտպանական ոլորտ, տուրիզմ, կրթություն, ուշադրություն կդարձնենք նաև այս ոլորտներին։ Գտնում եմ, որ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են պատմական պատճառներով, բայց նաև կան բավական հեռանկարներ՝ դրանք էլ ավելի բարելավելու տնտեսական արդյունքներ գրանցելու միջոցով։ Ինչ վերաբերում է եռակողմ ֆորմատին, ապա մենք հանձնառու ենք: Այս ֆորմատը հավասարապես կարևոր է բոլորի համար, կարող եք վստահ լինել, որ մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Մենք գնահատում ենք Կիպրոսի հարցում ձեր ավանդական սկզբունքային դիրքորոշումը»։

Նշվում է, որ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով զրուցակիցները կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը մայրաքաղաքներում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Հայերեն العربية English Español Français Русский

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատարերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ-ն հերքել է լուրերը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն