Ֆրանսիան հրապարակել է Կիևին մատակարարված սպառազինությունների ցուցակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի հետ հակամարտության երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ցանկը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության կայքում հրապարակված 50 կետից բաղկացած ցուցակը ներառում է ինչպես պաշտպանական հանդերձանք, այնպես էլ կապի միջոցներ, ինչպես նաև տարբեր սպառազինություն ու անօդաչու թռչող սարքեր: Տվյալները ներկայացվում են 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, այսինքն՝ մինչև Փարիզի և Կիևի միջև անվտանգության ապահովման երկկողմ համաձայնագրի ստորագրումը։

ՀՕՊ համակարգերից, որոնք Փարիզը նշել է Կիևին աջակցության առաջնահերթությունների ցուցակում, մինչև 2023 թ. վերջը մատակարարվել է երկու Crotale NG կայանք, վեց Mistral շարժական զենիթահրթիռային համալիր և մեկ ֆրանս-իտալական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգ: Այս բաժնում նշված է նաև ՀՕՊ GM200 ռադարը։ «Օդ-երկիր» դասի խոցման միջոցների թվում նշված են միայն SCALP հրթիռները։

Ուկրաինային աջակցության առաջնահերթությունների ցուցակում նշվել է նաև հրետանին։ Մինչև 2023 թ. վերջը Փարիզն Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 30 ինքնագնաց Caesar հրետանային կայանք, սպառազինությունից հանված վեց TRF1 հաուբից, համազարկային կրակի չորս ռեակտիվ համակարգ և տասը 120-միլիմետրանոց ականանետ։ Նաև մատակարարվել է հաուբիցների 30 հազար արկ։ Հակատանկային համակարգերից նշվել են 1002 AT4 նռնականետ և երեք Milan հակատանկային հրթիռային համակարգ։

Մինչև 2023 թ. վերջը Ֆրանսիան մատակարարել է 38 AMX10 RC թեթև անվավոր տանկ և 250 զրահամեքենա՝ սպառազինությամբ կամ սանիտարական կոնֆիգուրացիայով, ինչպես նաև 120 արտաճանապարհային մեքենա և վեց բեռնատար: AMX10 RC-ի համար մատակարարվել է 9000 զինամթերք՝ գլխավոր հրանոթի համար:

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերն ստացել են 160 «հետախուզական» անօդաչու, ինչպես նաև 10 սարք` դրանց հայտնաբերման համար։ Թե հատկապես ո՛ր անօդաչուների մասին է խոսքը, չի նշվում, սակայն «ծովային նավեր» սյունակում նշվում են միայն 30 Zodiacs Futura փչովի նավերը։

Հրաձգային զենքից նշվել է 7,62 մմ տրամաչափի 55 գնդացիր, 12,7 մմ տրամաչափի 560 գնդացիր, ինչպես նաև հազար Famas հրացան և 20 դիպուկահար հրացան։ Երկու տարվա ընթացքում դրանց համար մատակարարվել է 12,7 մմ տրամաչափի 1,7 մլն փամփուշտ, 1,1 մլն փամփուշտ թեթև հրաձգային զենքի համար, այդ թվում՝ 9 մմ և 5,56 մմ տրամաչափի, ինչպես նաև 10 500 նռնակ ու 3600 հակատանկային ական։ Ցուցակի մյուս կետերում նշվում են վառելիքը, պաշտպանիչ միջոցները (զրահաբաճկոններ, սաղավարտներ), ինչպես նաև դեղարկղները, կապի և նավիգացիոն միջոցները:

Հայերեն Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26