ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար։ Այդ դեպքում խաղաղությունը բավականին հասանելի է, սակայն մենք նույն պատրաստակամությունը չենք տեսնում Ադրբեջանի կողմից։
Այդ սկզբունքներն են՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը Ալմաթիի հռչակագրի համաձայն, սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը նույնպես Ալմաթիի հռչակագրի համաձայն, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության հիման վրա»,- նշեց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագծում կա 2 համաձայնեցված դրույթ, որոնք լուծում են այդ հարցերը։
«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և չեն ունենա և կողմերը չեն կարող վկայակոչել ներքին օրենսդրությունը խաղաղության պայմանագրի դրույթները չկատարելու համար:
Եթե Ադրբեջանը հաստատում է այդ կետերը, ապա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել»,- ընդգծեց Ռուբինյանը։
ԱԺ նախագահի տեղակալը վստահեցրեց՝ Հայաստանը չի գնում ռազմականացման ճանապարհով, Հայաստանն ուժեղացնում է իր պաշտպանությունը։
«Ակնհայտ է, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիրներ, և մենք իրավունք ունենք բարելավել մեր պաշտպանությունը»,- ավելացրեց Ռուբինյանը։