Միջազգային

Ուսումնասիրության արդյունքներով՝ բնական աղետները տարեկան 200 միլիարդ դոլարի վնաս են հասցնում ամբողջ աշխարհում

2 րոպեի ընթերցում

Ուսումնասիրության արդյունքներով՝ բնական աղետները տարեկան 200 միլիարդ դոլարի վնաս են հասցնում ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրհեղեղներից, արևադարձային ցիկլոններից, ձնաբքներից և կոնվեկտիվ փոթորիկներից համընդհանուր տնտեսական վնասը տարեկան կտրվածքով կարող է կազմել 185-200 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել շվեյցարական Swiss Re Insitute վերաապահովագրական ընկերության վերլուծական ստորաբաժանման հետազոտողները:

Զեկույցի հեղինակները, հիմնվելով 2022 թվականի տվյալների վրա, վերլուծել են նշված չորս բնական աղետների հնարավոր տնտեսական հետևանքները 36 երկրներում: Նրանք, ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, եզրակացրել են, որ դրանք հատկապես լուրջ սպառնալիք են Ֆիլիպինների համար, որտեղ ամենամյա վնասը կարող է կազմել երկրի ՀՆԱ-ի մինչև 3 տոկոսը։ Այդ առումով երկրորդ տեղում է ԱՄՆ-ը՝ ՀՆԱ-ի 0,38 տոկոս: Առաջին հնգյակում են նաև Թայիլանդը, Ավստրիան և Չինաստանը:

Բացարձակ ցուցանիշների առումով բնական աղետներից ամենամեծ տնտեսական վնասը հավանական է ԱՄՆ-ում: Այնտեղ վնասի հնարավոր չափը տարեկան կարող է հասնել 97 միլիարդ դոլարի։

«Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է եղանակային խիստ երևույթների քանակի ավելացմանը և աստիճանաբար վերածվում տնտեսական լուրջ բեռի»,- գտնում է Swiss Re-ի գլխավոր տնտեսագետ Ժերոմ Ժան Հեգելին:

Նա նշել է, որ գնահատականներում հաշվի է առնվել վնասի ամբողջ ծավալը, այլ ոչ միայն ապահովագրված գույքին հասցված վնասը։ Swiss Re Insitute-ի փորձագետների կարծիքով՝ կլիմայի փոփոխության հետևանքով ապագայում բնական աղետներից վնասի չափը կարող է ավելի լուրջ ծավալների հասնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում