Քաղաքականություն

Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը համաձայն չէ որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների կողմից ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ, կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին:

«Մենք, ցավոք, ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարություններ ենք տեսնում: Իհարկե համաձայն չենք այդ հայտարարությունների հետ: Բոլորս էլ գիտենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել՝ Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզ մի այցելեք, որևէ հիմնավորում չունի: Կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն՝ նման վերացական արտահայտությունների կապակցությամբ»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, նաև խնդրում է միջազգային գործընկերներին՝ եթե օպերատիվ բնույթի տեղեկություններ ունեն, որոնք հիմք են դառնում նման հայտարարություններ անելու համար, կիսվել իր հետ:

«Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե չենք գնահատում մեր տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը; Բայց մյուս կողմից էլ ցանկացած քայլ, որը լարումն ավելացումն է, այդքան էլ ընդունելի չէ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարությունների մասին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում