Քաղաքականություն

Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ում է, նշանակում է, որ դեռ իմաստ է գտնում այդտեղ մնալու. Բաբկեն Թունյան

2 րոպեի ընթերցում

Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ում է, նշանակում է, որ դեռ իմաստ է գտնում այդտեղ մնալու. Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Հայաստանի համապատասխան կառույցների վերլուծությունները մի օր հանգեցնեն այն եզրակացությանը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի շահերից ավելի շատ է բխում, բնականաբար պետությունը պետք է առաջնորդվի իր շահերով, եթե Հայաստանը մնում է կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ է գտնում այդտեղ մնալու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ ՀԱՊԿ-ի աշխատանքների մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին անդամությունը դադարեցնելու վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ թե անդամության դադարեցման նպատակ լիներ, կհայտարարվեր: «Այս պահին վարչապետը նկատի ունի, որ մեր ակտիվությունն այդ կառույցում գրեթե սառեցված է, քանի որ մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում: Կարելի է ասել՝ ոչ թե Հայաստանն է ավելի շատ հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»,-ասաց Թունյանը:

Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ-ում՝ պատգամավորն ընդգծեց, որ ցանկացած որոշման դեպքում պետք է հաշվարկել ինչ-որ քայլ անելու կամ չանելու օգուտներն ու վնասները:

«Եթե մի օր մեր համապատասխան կառույցների վերլուծությունները կբերեն նրան, որ դուրս գալը ֆորմալ առումով Հայաստանի շահերից ավելի շատ է բխում, բնականաբար պետությունը պետք է առաջնորդվի իր շահերով: Եթե մենք մնում ենք այդ կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ ենք գտնում այդտեղ մնալու»,-նշեց նա:

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում