Միջազգային

Հնդկաստանը և Չինաստանը պարտավորվել են խաղաղություն պահպանել սահմանի վրա

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և Չինաստանը պարտավորվել են խաղաղություն պահպանել սահմանի վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի և Չինաստանի բանակային կորպուսների հրամանատարները հերթական հանդիպման ժամանակ պայմանավորվել են պահպանել երկխոսությունը Լադաքհի բարձրլեռնային տարածաշրջանում չսահմանազատված սահմանի հարցի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հնդկաստանի արտգործնախարարությանը։

Հրամանատարների մակարդակով հանդիպման նոր, 21-րդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, Չուշուլ-Մոլդո սահմանային անցակետում։

«Քննարկումները հիմնված էին նախորդ փուլերի վրա, որոնք ուղղված էին Արևելյան Լադաքհում փաստացի վերահսկողության գծի երկայնքով մնացած շրջաններում ամբողջական սահմանազատման հասնելուն՝ որպես կարևոր հիմք Հնդկաստանի և Չինաստանի սահմանամերձ շրջաններում խաղաղության ու անդորրի վերականգնման համար: Երկու կողմերն իրենց տեսակետներն են հայտնել այս հարցի շուրջ բանակցությունների ընթացքում, որոնք անցել են բարեկամական և ջերմ մթնոլորտում», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են հետագա գործողությունների շուրջ կապ պահպանել զինվորականների և դիվանագետների միջև համապատասխան ուղիների օգնությամբ, նաև պարտավորվել են պահպանել խաղաղությունն ու անդորրը սահմանամերձ շրջաններում:

Հնդկաստանի և Չինաստանի միջև վաղեմի տարածքային վեճը կապված է հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշի նահանգի գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի, ինչպես նաև Քաշմիրի հյուսիսում լեռնային տարածքի մի հատվածի պատկանելության շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում