Մշակույթ

«Սև հովազ-2»-ը ծրագրային վեպ է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին. Աշոտ Աղաբաբյան 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Աղաբաբյանն ընթերցասեր հանրությանն է ներկայացրել իր հեղինակած նոր վեպը՝ «Սև հովազ-2»-ը: Հեղինակը «Արմենպրես»-ին հայտնեց, որ վեպում ներկայացրել է, թե ինչպես Հայաստանը կարող է հաղթահարել վերջին տարիների հայտնի իրադարձությունների հետևանքով առաջացած խնդիրները:

«Սա հինգ ամիս առաջ լույս տեսած «Սև հովազ-1» վեպի շարունակությունն է: Երկու վեպերում ներկայացված է Արցախյան երեք պատերազմերից մինչև այս օրեր ընկած ժամանակահատվածը: Ավելի ստույգ՝ «Սև հովազ-1»-ն ընդգրկում է 1989-96, իսկ «Սև հովազ-2»-ը՝ 1996-ից մինչև այս տարվա հունվարի 10-ը: Սակայն, վեպերի առանցքը ոչ թե այդ երեք պատերազմերն են, այլ «Սև հովազ» հետախուզական հատուկ ծրագրի, խմբի անդամների գործունեությունը, կյանքի անցած ամբողջ ուղին՝ սկսած 2000 թվականին Շուշիում բանտարկվելուց»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Նա ընդգծեց, որ իր նոր ստեղծագործությունը նաև կարևոր ուղերձ է հայ ժողովրդին. «Սա ծրագրային վեպ է. ականատես գործող պրոֆեսիոնալների վկայությամբ առաջին անգամ ցույց եմ տալիս, թե ինչու պարտվեցինք վերջին պատերազմում և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է հայությանը, բայց, այնուամենայնիվ, սա գեղարվեստական ստեղծագործություն է, ու պետք է այդպես ընդունվի»:

Հեղինակը նկատեց նաև. «Ամբողջ «Սև հովազ-2»-ը զուտ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին է: Նշված են կոնկրետ քայլեր: Ինձ հարցնում են՝ իսկ ինչու այդքան բաց: Սա, ըստ գրքին ծանոթացած մասնագետների, դասագրքի պես մի բան է՝ համապատասխան կառույցների համար: Անվտանգության մասնագետի ծրագիր՝ առաջարկի տեսքով»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ այս պահին ունի հաջորդ ստեղծագործության երեք տարբերակ, սակայն վերջնականապես դեռ չի կողմնորոշվել: «Մերուժան Տեր-Գուլանյանը զանգեց ու հետաքրքրվեց, թե արդյոք գրելու եմ «Սև հովազ-3»-ը: Պատասխանեցի բավական է՝ մեկ տարի է գրում եմ: Իսկ շաբաթներ առաջ ինձ մոտ էր եկել Գագիկ Գինոսյանը՝ ասեցի դեռ չեմ որոշել: Մի քանի ծրագիր ունեմ. ամիսներ անց Հայաստան է գալու խորհրդային թիվ 1 քննիչ Թելման Գդլյանը: Նրան հանդիպելու առաջարկ եմ ստացել: Հիմա երեք տարբերակ ունեմ, բայց դեռ հստակ չեմ որոշել: Սովորաբար ինքս եմ ընտրում իմ հերոսներին, ու եթե զգում եմ, որ իմն է, գրում եմ: Իմ 10 գրքերից, որոնցից մեկը վեպ չէ՝ ժողովածու է, 8-ը գրել եմ վերջին 6 տարում: Այնպես որ, շարունակելու եմ աշխատել»,- նշեց Աղաբաբյանը:

«Սև հովազ-1» վեպը անցյալ տարվա աշնանը տևական ժամանակ եղել է «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթելեր» հեղինակային նախագծի առաջատարը:

Աշոտ Աղաբաբյանը հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, ակնարկների և վեպերի հեղինակ է: Ընթերցողներին քաջածանոթ են նաև նրա «Ռեզիդենտ»-ը (2004 թվական), «Մենակը» (2013), «Գաղութը» (2013), «Թակարդում» (2018) ստեղծագործությունները: Ի դեպ, «Ռեզիդենտ» փաստագրական վեպը «Նոյյան տապան» հրատարակչության մոնիտորինգի արդյունքում ճանաչվել է «Տարվա գիրք»:

«Սև հովազ-2» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ», «Ֆենիքս», «Նոյյան Տապան» գրախանութների ցանցերում, «Գրքատուն», «Գամմա» գրախանութներում, նաև Կամերային երաժշտության տան մոտ գտնվող բացօթյա գրախանութում։

Հրայր Նազարյան

Հայերեն

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է. Հայաստանի ԱԳ նախարար

Երևանում Նուբարաշենի գերեզմանատանն ավտոմեքենա է այրվել

Միրզոյանը պարզաբանեց, թե որ դեպքում Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անհրաժեշտ չի համարի

ԱՄՆ-ն հասկանում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան իրենց պահանջները կունենան կարգավորման վերաբերյալ. Ուոլց

Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի

Առաջիկայում նորություններ կլինեն. Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչման մասին

Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման հարցով

Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 30 կմ ոռոգման ցանցի ներդրում

Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան