ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանը հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ մարզային գրադարաններից յուրաքանչյուրին նվիրեց հիսուն գիրք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի ազգային գրադարանը այս նախաձեռնությունն իրականացնում է հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ:
Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ, տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը նշեց, որ այս տարի էլ առավել պահանջված գրքերից հիսունական գիրք են ընտրել՝ համայնքային 12 գրադարանի և երեք մարզի դպրոցական գրադարանների համար:
«Շատ հետաքրքիր համագործակցություն է, կարծում եմ՝ կարող ենք ավելին անել և հուսով եմ, որ առաջիկայում նախագահի աշխատակազմի հետ ավելի մեծ գրադարանային գաղափարներ իրագործելու հնարավորություն կլինի»,-նշեց Հայրապետյանը:
Անդրադառնալով գիրք նվիրելու օրվա խորհրդին՝ նա ընդգծեց, որ այն հիասքանչ առիթ է, քանի որ ովքեր գիրք են նվեր ստացել՝ մի «աշխարհ» են նվեր ստացել:
«Ճիշտ է՝ փետրվարի 14-ը համաշխարհային գիրք նվիրելու օրն է, նշվում է ամբողջ աշխարհում, բայց մեր օրը դրա հետ կապ չունի, մենք ընտրել ենք Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, որը հիանալի որոշում էր: Գաղափարը միանշանակ դրական աշխատեց և հիմա տեսնում ենք, թե ինչ հաճույքով են մարդիկ իրար գրքեր նվիրում»,-եզրափակեց Ներսես Հայրապետյանը:
Հայաստանի ազգային գրադարանային հավաքածուն համալրելու համար բոլոր ժամանակներում գործող հրատարակիչներն իրենց հրատարակած գրքերից ամենաքիչը երկու օրինակ պետք է պարտադիր տրամադրեն գրադարանին:
Ազգային գրադարանին մշտապես գրքեր տրամադրող «Էդիթ Պրինտ», «ՎԱՆ ԱՐՅԱՆ» և «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչությունները, որպես օրինապահ հրատարակիչներ, պարգևատրվեցին:
Հրատարակիչները, նշելով Ազգային գրադարանին հատկացվող նմուշների կարևորությունն, ընդգծեցին, որ հրատարակած մի շարք գրքեր նույնիսկ իրենց հրատարակչություններում են պահպանվում, բայց ազգային գրադարանում դրանք պահվում են և կփոխանցվեն սերունդներին:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը նշեց, որ 2023 թվականին Հայաստանում 2400 անուն գիրք է հրատարակվել՝ տարբեր ձևաչափերով և լեզուներով:
«Տարվա ընթացքում հրատարակված այն գրքերը, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը, մոտավորապես 50-ն է, քանի որ մենք աշխատում ենք երկու ուղղությամբ՝ բացի գեղարվեստական ճյուղից զբաղվում ենք նաև դասագրքային տպագրությամբ»,-ասաց Սամվելյանը:
Նա նկատեց, որ ակնհայտ երևում է, որ ընթերցողների թիվը և հետաքրքրությունը վերջին երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացել է: Ըստ նրա՝ դրան նպաստել է հրատարակչությունների թարգմանական գրականության ներկայացումը, գրադարանների ակտիվ գործունեությունը, գրախանութների ավելացումը և առողջ մրցակցության մթնոլորտի ձևավորումը:
«Կարելի է ասել գիրք նվիրելու ավանդույթը, որը ձևավորվել է 2008 թվականից հետո, վերջին 10 տարիների ընթացքում գնալով ավելի է մասսայականացել՝ նպաստելով ընթերցողների թվի աճի ավելացմանը»,-եզրափակեց խմբագիրը: