«Ճամփորդ հոգին»․ Երևանում մեծ շուքով նշվում է Թումանյանի 155-ամյակը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված «Ճամփորդ հոգին» խորագրով միջոցառումները փետրվարի 19-ին մեկնարկեցին Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանի բակից:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը Ամենայն հայոց բանաստեղծի տողերի հիման վրա ստեղծված երգերով ու բանաստեղծությունների ասմունքով, նրա երգիծապատումների ներկայացմամբ հանդես եկան «Այբ» շրջանավարտների «Կամար» երգչախումբը, թանգարանի կազմում գործող «Ռոտոնդա» թատերախումբը և Երևանի Թումանյանի անվան համար 32 դպրոցի աշակերտները։
Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Մանե Խաչատրյանի խոսքով՝ Թումանյանի յուրաքանչյուր հոբելյան տոնական է բոլորի համար։
«Ամեն տարի թանգարանն, իհարկե, մեկ խորագրի ներքո փորձում է ամբողջ տարվա ընթացքում Թումանյանին մի այլ ձևով բացահայտել։ Այս տարի մենք խոսելու ենք Թումանյանի մասին որպես ճամփորդ։ Երեկոյան նախատեսվում է ցուցահանդեսի բացում՝ «Ճամփորդ հոգի» խորագրով։ Կուզենայի, որ այս ցուցահանդեսից հետո յուրաքանչյուրն իր մեջ արթնացներ ճամփորդ Թումանյանին։ Նա ասում էր, որ պետք է ոչ թե նայել, այլ՝ տեսնել։ Շատ էր կարևորում հայրենիքը ճանաչելն ու բացահայտելը, հատկապես՝ երեխաների համար, որպեսզի հայրենիքը սիրենք ոչ թե կուրորեն, այլ ազգասերի գիտակից սիրով»,-համոզմունք հայտնեց փոխտնօրենը։
Անդրադառնալով Թումանյանի թանգարանի շենքի վերանորոգման ընթացքին՝ նա հայտնեց, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2026-2027 թվականներին, իսկ ներկայում գործունեությունը շարունակում են «Հ.Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։
Ավագ գիտաշխատող Անահիտ Նալբանդյանի խոսքով՝ անհնար է չճանաչել ու չսիրել Թումանյանին, ով հայ մարդու ուղեկիցն է դեռ մանկության օրերից։
«Մենք բոլորս ապրում ենք Թումանյանով, մեծանում ենք Թումանյանով, և նրա ծնունդը մեր բոլորի ընտանիքներում մեր մեծի ծնունդը պետք է լինի․ թանգարանում մենք ասում ենք մեր պապիկի ծնունդը։ Կարելի է ասել՝ ծննդյան օրվանից անմիջապես հետո սկսում ենք նախապատրաստվել հաջորդին և ամեն ինչն անում ենք անչափ սիրով, ներդրումով, հոգով և սրտով»,-հավելեց նա։
«Այբ» շրջանավարտների «Կամար» երգչախմբի անդամ Տաթև Մարգարյանն օրվա խորհուրդը կարևորեց որպես Թումանյանին մեծարելու և հայ ժողովրդի համար թողած մեծ ազդեցությունը վերստին ընդգծելու հնարավորություն։
«Կարծում եմ, որ Թումանյանը փոքր տարիքից մինչև խոր ծերություն հայ մարդու կողքին է՝ որպես գրող, քանի որ շատ բազմաժանր է, և մենք բոլոր տարիքներում առնչվում ենք նրա հետ։ Փոքր տարիքում, բնականաբար, Թումանյանի հեքիաթներով ենք ծանոթացել նրա հետ, հետո արդեն մեծանալով՝ պոեմներին ենք ծանոթանում, քառյակներին։ Այդ ընթացքը շատ հետաքրքիր է, ու Թումանյանը, կարծես, բոլոր տարիքի մարդկանց ասելիք ունի»,-ասաց մեր զրուցակիցը։
Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողուհի Էմմա Ներսիսյանը անհրաժեշտություն է համարում նման մշակութային միջոցառումներին ուսանողների ներգրավումը՝ ազգային արժեքների ծանոթանալու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ Թումանյանի 155-ամյակն այն օրն է, որը կարևոր է ամբողջ վեհությամբ նրան ներկայացնելու համար։
Այնուհետև միջոցառման մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ծաղիկներ են խոնարհել Թումանյանի հուշարձանի պատվանդանին։
Հիմնական միջոցառումները կշարունակվեն օրվա երկրորդ կեսին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանում։ Նախատեսվում են թատերական ներկայացումներ, երկերի ժողովածուի վերամշակված հինգերորդ հատորի շնորհանդեսը և ցուցահանդեսի բացում, ինչպես նաև բացօթյա համերգ։
Փետրվարի 19-ին ամբողջ օրվա ընթացքում Թումանյանի թանգարանի տարածքում կհնչեն նրա ստեղծագործությունները։