Քաղաքականություն

Միրզոյանը Լյուքսեմբուրգում Կլոդ Վայսլերին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

3 րոպեի ընթերցում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում Կլոդ Վայսլերին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի բյուրոյի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը։

Վերհիշելով Արարատ Միրզոյանի հետ նախորդ՝ 2022թ հունվարին կայացած հանդիպման ժամանակ կատարված շեշտադրումն առ այն, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններով հարվածի տակ է դրվում ժողովրդավարությունը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել են, որ այդ հարցում մարտահրավերները շարունակվում են և համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը դարձնում օրվա հրամայականը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող, այդ թվում՝ մարդասիրական, հարցերի շուրջ սկզբունքային, արդար դիրքորոշման և աջակցության համար։

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներին, որոնք հիմնված են քաղաքակիրթ աշխարհին քաջ հայտնի հիմնարար սկզբունքների վրա։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայլերի զսպման և բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների ու իրավունքների հասցեագրմանը, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ապահովմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի։

Խորհրդարանականները բարձր են գնահատել ՀՀ կառավարության որոշումը Լյուքսեմբուրգում ՀՀ դիվանագիտական ներկայացվածության ապահովման՝ գրասենյակի բացման վերաբերյալ՝ այն բնութագրելով որպես սերտ բարեկամության արտահայտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում