ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել «Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity» (Որակյալ և համապատասխան ցկյանս կրթություն մշակութային բազմազանության մեջ և դրա միջոցով) խորագրով պանելային նիստում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։
«Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ և համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։
Նախարարը կարևորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային և կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները գնահատելու նպատակով:
Համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որով կառաջարկվեն կրթության և մշակույթի ոլորտների միջև համագործակցությունը բարելավելու, խորացնելու և ընդլայնելու նոր ուղիներ՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները, որոնք կարագացնեն 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա և ապագա նպատակների իրագործումը:
Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաև երկկողմհանդիպումներ։