Մատենադարանը 3D սքանավորման սարք է նվեր ստացել բարերար Վահե Բադալյանից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս Մատենադարանի թանգարանում կայացել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։ Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 3D սքանավորման սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է ընձեռում թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։
«Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլև պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը», - ասել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, շնորհակալություն հայտնելով բարերար Վահե Բադալյանին և շնորհավորելով գործընկերներին, կարևորել է Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։
«Մեր բարերարի աջակցությամբ շարունակում ենք Մատենադարանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման և արդիականացման գործընթացը։ Թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման մի սարք, որը մեր իրականության մեջ թանգարանային հատվածում, աննախադեպ է», - նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը: Սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Սա Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման արտահայտություն է։