Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

5 րոպեի ընթերցում

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ յուրաքանչյուր նկար գրված է անձնական հույզերի և զգացմունքների հիման վրա, որոնք, հուսով եմ, կհաղորդեն դրական լիցքեր և ներդաշնակություն»։ Այսպես է իր ստեղծագործությունները բնորոշում նկարչուհի Արմինե Ավետիսյանը (Մանոն), որի կտավները դիտելիս անմիջապես հասկանում ես՝ նկարչուհին նուրբ հոգի ունի։ 

Արմինե Ավետիսյանը տարբեր շրջաններում ստեղծած աշխատանքները արվեստասերներին ներկայացրեց «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսով, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 23-ին Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանն ասաց՝ ներկայացված են կտավներ՝ տարբեր հավաքածուներից։ «Ծաղկաքաղ է արված. ամեն հավաքածուից մեկ կամ երկու կտավ եմ ընդգրկել, որովհետև մեծ շարքերով եմ նկարում։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ընտրել «էմոցիոնալ փոթորիկ» խորագիրը։ Տղաս է առաջարկել այս տարբերակը։ Իրականում շատ մեղմ բնույթ ունեմ, բայց տղաս կողքից է ինձ նայում և երբեմն ավելի ճիշտ է զգում»,-նշեց Մանոնը։

Նկարչուհին ստեղծագործում է, երբ ցանկանում է ինչ-որ բանի դեմ ընդվզել, երբ հետաքրքիր հոգեվիճակում է։ «Նման տրամադրության պարագայում մինչև չնկարեմ, չեմ հանգստանա։ Ընտանիքիս անդամները դա նկատել են։ Երբ բարձրանում եմ արվեստանոց, ուրեմն փոթորկոտ վիճակում եմ, երբ այնտեղից դուրս եմ գալիս, ավելի հանդարտ եմ»,-խոստովանեց Ավետիսյանը և հավելեց՝ նկարում է երեք տարեկանից։ 

Նրա հայրը նկարիչ, արվեստաբան Արամ Ավետիսյանն է։ «Սովորական երևույթ էր այն, որ նկարում էի։ Հայրս ասում էր՝ չխանգարեք, ինչ ուզում է թող անի։ Ես վազում էի բակ, խաղում էի, հետո վազում էի տուն ու սկսում էի նկարել։ Նկարելն իմ ապրելակերպն է, պահանջ է»,-ընդգծեց նկարչուհին։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ նկարչուհուն չճանաչողները, ծանոթանալով ցուցահանդեսի խորագրին, կզարմանան, թե  ինչպես կարող են Մանոն Ավետիսյանի հոգում այդպիսի հույզեր, փոթորիկներ լինել։ «Նրա արվեստին ծանոթ մարդիկ կարող են հավաստիացնել, որ Մանոնի հանգստության մեջ կա հետաքրքիր, փոթորկոտ աշխարհ, որ արտացոլվել է այս ցուցահանդեսում»,-հավաստիացրեց Սաֆարյանը։  

Արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը կարծում է՝ ամեն մի ստեղծագործողի հոգում կուտակվածը ելքի դուռ է փնտրում, և ամեն մի արվեստագետ այդ դուռը բացում է յուրովի։ 

Նա հիշեցրեց, որ նկարչուհին մեծացել է անվանի արվեստագետների միջավայրում և կարղացել է  իր արվեստի վրա հրավիրել նույնիսկ Երվանդ Քոչարի և Հենրիկ Իգիթյանի ուշադրությունը, որոնք Ավետիսյանին նկարչուհու մեծ ապագա են կանխագուշակել։

Մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո Ավետիսյանն անմիջապես սկսել է մասնակցել խմբակային ցուցահանդեսների, ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, ստացել է մրցանակներ, որոնցից արժե հիշատակել «Իրանը հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը, որտեղ Ավետիսյանը ստացել է առաջին մրցանակը և հատուկ մրցանակ՝ Հայաստանում Իրանի դեսպանից։ 2002 և 2005 թվականներին Ավետիսյանը անհատական ցուցահանդես է բացել Ֆրանսիայում, որը շատ լավ արձագանքներ է գտել։ 

«Բազմաժանր նկարիչ է Մանոն Ավետիսյանը. նա նկարում է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն կտավներ, աշխատում է տարբեր նյութերով՝ պաստել, ջրաներկ, յուղաներկ, տուշ և այլն։ Մանոնի համար նկարելը հոգու պահանջ է։ Նա չի կարող չնկարել, նա տրամադրության նկարիչ է։ Արտաքին աշխարհից ստացած տպավորությունները անհանգստացնում են նրան, և Մանոնը ստեղծում է  իր հույզերը, ապրումները, հոգեվիճակը։ Մանոնը շատ հետաքրքիր մարդ է։ Նա մի կտավով չի բավարարվում և ստեղծում է շարքեր՝ «Արտացոլում», «Արարատ», «Աքլորակռիվ», «Հոգեվիճակ», «Տրամադրություն», «Ճանապարհ դեպի լույս» և այլն»,-շեշտեց արվեստաբանը։

Փիլոսյանի համոզմամբ՝ Մանոն Ավետիսյանը նման չէ որևէ նկարչի. նա ունի իր ուրույն ոճը, ձեռագիրը, ասելիքը, նրա բոլոր աշխատանքները լի են սիրով, լավատեսությամբ։

Մանոն Ավետիսյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի Արաբկիր համայնքի մշակույթի տանը և տարիների ամբարած փորձն ու գիտելիքները հաղորդել իր սաներին։

Անժելա Համբարձումյան

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում