ՀՀ նախագահը և Հունգարիայի վարչապետը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով նախագահին Հունգարիայի վարչապետը նշել է.«Պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Հունգարիա այցելության համար. տեղյակ եմ, որ երեկ շատ արդյունավետ հանդիպում և զրույց եք ունեցել մեր երկրի նախագահի հետ: Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով եմ նաև, որ դրանք դրականորեն կազդեն նաև տնտեսական համագործակցության զարգացման վրա»:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար:«Պարոն վարչապետ, մենք դժվար ժամանակներ ենք հաղթահարել և հիմա պատրաստ ենք ջանքեր ներդնել մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում, նաև նկատի ունենալով այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»,- նշել է նախագահը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր: Նախագահը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ: Կողմերը երկուստեք կարևորել են Հայաստան-ԵՄ արդյունավետ գործընկերության խորացումը, շեշտել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ հետագա քայլերի շարունակականության նշանակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետն ընդգծել են, որ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գրավականներից է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությունն ու նոր կապերի հաստատման ուղղությամբ ջանքերի ներդրումը: