Մարզային

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Շիրակի մարզի վթարային շինությունների խնդրի լուծման համար

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Շիրակի մարզի վթարային շինությունների խնդրի լուծման համար

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` 2023 թվականի սեպտեմբերին Շիրակի մարզի համայնքների ղեկավարների կողմից տարվել են աշխատանքներ` 2008 թվականի դրությամբ հաստատված երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակների ճշգրտման ուղղությամբ:

2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ճշգրտված տվյալներով Շիրակի մարզում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակներում դեռևս հաշվառված է 1227 ընտանիք. 1016-ը՝ Գյումրիում, 211-ը՝ այլ համայնքներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ շեշտելով, որ բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնել է 7 ընտանիք։

Մարզպետը կարևորեց նաև վթարային բազմաբնակարան շենքերի հարցը:

«Ցավոք, վթարային շենքերում դեռ ընտանիքներ են բնակվում: ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում այս խնդիրը փուլային տարբերակով լուծելու համար։ Բնակիչների հետ մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, անձամբ այցելել եմ, փորձել ենք որոշ դեպքերում տեղային լուծումներ գտնել՝ մինչև խնդրի վերջնական լուծումը»,-նկատեց մարզպետը:

Մուշեղ Մուրադյանն ընդգծեց, որ Գյումրու Անտառավան 26 վթարային շենքում փաստացի բնակվող 10 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով շրջանառվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է նրանց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր: ՀՀ կառավարությունում նախագիծը գտնվում է քննարկման փուլում:

Ավարտվել են Տիգրան Մեծ 5 շենքի 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները: Շենքի նախահաշվային արժեքը 752 մլն դրամ է կազմում։

«Ինչ վերաբերում է ոչ հիմնական շինություններին, ապա նշեմ, որ համայնքների ղեկավարների կողմից լրամշակվել և 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել են բնակավայրերում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված ոչ հիմնական շինությունների ցուցակները, որոնք ուղարկվել են Քաղաքաշինության կոմիտե: Ըստ այդմ՝ մարզում առկա է 2964 ոչ հիմնական շինություն, ամենաշատը՝ 2648-ը, Գյումրիում, այնուհետև Ախուրյանում՝ 295:

Միակ համայնքն Աշոցքն է, որտեղ տնակներ չկան։Այստեղ կա Կոճոռ թաղամասի խնդիրը, որի կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության ձեռքբերման նպատակով 22 մլն 470 հազար դրամ է հատկացվել։

Նախորդ տարի մարզում ապամոնտաժվել է 80 ոչ հիմնական շինություն»,- եզրափակեց մարզպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում