Գեղարքունիքում 2023 թվականին պետության կողմից սուբվենցիոն ծրագրերի համար վճարվել է 3 միլիարդ 821,4 միլիոն դրամ
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ավարտվել է 80 ենթածրագիր, որից 52-ի մասով ՀՀ կառավարության կողմից հատկացվել են համապատասխան ֆինանսական միջոցներ, իսկ 28 ենթածրագրերի ֆինանսավորման նպատակով հայտ է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչության պետ Սասուն Սահակյանը տեղեկացրեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 2021-2022 թվականներից տեղափոխված ծրագրերից ավարտվել է 65 ենթածրագիր, իսկ 24 ենթածրագիր տեղափոխվել է 2024 թվական։ Լուծվել են սալարկումների ծրագրերի 3 պայմանագրեր, որոնց համար հայտարարվել են նոր մրցույթներ և կնքվել են պայմանագրեր։ 2023 թվականին մարզի համայնքների կողմից մարզպետի աշխատակազմի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել 45 սուբվենցիոն ծրագրի (160 ենթածրագիր) նախնական հայտ՝ 13 միլիարդ 145 միլիոն 840 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են այդ ծրագրերից 23-ը (147 ենթածրագիր), որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիարդ 734 միլիոն 789,2 հազար դրամ։
2023 թվականին հաստատված մնացած 64 ենթածրագրերի շինարարական աշխատանքները կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով` 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի պետության մասնաբաժնի վճարման նպատակով դեկտեմբերի 31-ի դրությամբ հատկացվել է 3 միլիարդ 993 միլիոն դրամ, որից փաստացի վճարվել է 3 միլիարդ 821,4 միլիոն դրամը։
Ընդհանուր առմամբ, մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականի ընթացքում կառուցվել է 62 հազար 526 գծամետր խմելու ջրագիծ, 33 հազար 662 գծամետր ոռոգման ցանց, 88 հազար 930 գծամետր լուսավորության ցանց և 2400 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել է 32,6 կմ համայնքային նշանակության փողոց, սալարկվել են 11869 գծամետր համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 15 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, Գավառի և Մարտունու համայնքապետարանի վարչական շենքը, Գավառ համայնքում կառուցվել է 8 խաղահրապարակ, տեղադրվել է 15 կանգառ։
Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել կամ ավարտման փուլում են գտնվում Գավառի թիվ 7, Սարուխանի թիվ 1, Վարդենիկի, Երանոսի, Զոլաքարի և Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզների շինարարական աշխատանքները։
Մեկնարկել է Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի մանկապարտեզի կառուցումը, որի շինարարական աշխատանքները 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ իրականացված են շուրջ 30 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականին։
Խոսրով Խլղաթյան