Հասարակական

Բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը եղել են Պաշտպանության նախարարության ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սա այն ուղղությունն է, որտեղ հնարավորություն չկա հաշվելու, թե իրավապահ մարմինների համագործակցությունը քանի նոր սահմանավորված հանցանք է կանխել, քանի ճակատագիր է փրկել, փոխարենը խիստ ակնառու և հնչեղ են ձախողումները, երբ բանակում ոչ մարտական պայմաններում դժբախտ դեպքեր և պատահարներ են արձանագրվում։

Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է, բայց այն չպետք է հնչի որպես ինքնարդարացում, այլ պետք է հուշի հասարակական տարբեր ինստիտուտների հետ ներդաշնակ գործելու գաղափարը, որպեսզի կարողանանք փակել բանակ ներթափանցող արատավոր երևույթների ակունքը, հատենք դրանց կենսունակ արմատը և բանակում բացառենք մարդկային կորուստը խաղաղ պայմաններում»,- ասել է Պապիկյանը։

Նախարարը մեծապես կարևորում է նաև զորքերում կատարված բոլոր խախտումներին՝ զանցանքներից մինչև հանցագործություններ համապատասխան իրավական գնահատական տալու պրակտիկան։

Ըստ Պապիկյանի՝ բանակում հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը և պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը կհավաստի՝ բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում