ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.
«Չնայած պատմության մի շարք մարտահրավերների՝ հանրապետության ձևավորումն ու սահմանադրականությունը լավագույնս են մարմնավորել հնդիկ ժողովրդի քաղաքակրթական արժեքների վրա հիմնված միասնության ու համերաշխության գաղափարները:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական ու բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ: Համոզված եմ, որ մերօրյա բազմաբևեռ աշխարհում կշարունակենք համատեղ ջանքերով նպաստել փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։