ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 16-ին իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը։
Նա նշել է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։