Խաչատրյանական արվեստը՝ Չինաստանում․ անցկացվում է մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված միջազգային մրցույթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում առաջին անգամ անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։ Չինական կողմը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հրավիրել է նվագակցելու մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը նշեց, որ Չինաստանում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անցկացումը խաչատրյանական արվեստի հանրահռչակման յուրօրինակ լավ առիթ է։

«Դեկտեմբերի 17-ին մեկնարկել է մրցույթի հատուկ թողարկումը, որն ընթանում է ջութակ մասնագիտացմամբ։ Այն անցկացվելու է մինչև դեկտեմբերի 28-ը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնում է Չինաստան նվագակցելու մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին»,-ասաց Մարտին Թովմասյանը։

Արամ Խաչատրյանի հոբելյանական տարում Չինաստանում այսպիսի մեծ նախագծի իրականացումը լավ առիթ է մեկ անգամ ևս խոսելու մեծանուն կոմպոզիտորի մասին, հանրահռչակելու նրա արվեստը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գնահատմամբ՝ Չինաստանում այսպիսի միջոցառում անցկացնելը բավական մեծ ձեռքբերում է։

«Արամ Խաչատրյանն այն հավաքական կերպարն է, որը միավորում է աշխարհի երիտասարդ երաժիշտներին։ Պեկինի ազգային օպերայում կունենանք համերգներ և, կարծում եմ, որ նվագախմբի ելույթները այդ հարթակում նոր չափանիշ են։ Բուն մրցույթից բացի, Պեկինում հանդես կգանք առանձին 3 համերգով։ Կատարելու ենք Խաչատրյան, Մոցարտ, Բիզե, Չայկովսկի, Շտրաուս և այլն։ Ծրագիրը շատ ընդգրկուն է ու հագեցած։ Ի դեպ, Չինաստանում, Ճապոնիայում Խաչատրյանը ամենակատարվող կոմպոզիտորներից է»,-ասաց Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ նվագախումբը Պեկին մեկնում է դեկտեմբերի 24-ին։

Լրագրողներն առիթը բաց չթողեցին և Սերգեյ Սմբատյանից հետաքրքրվեցին, թե վերջին դեպքերից հետո (Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց) ինչպես է նա կարողացել իրեն վերագտնել ու ինչ զգացողություններ ապրեց, երբ հանդիսատեսը նրան բուռն ընդունելության արժանացրեց։

«Ուրախ եմ, որ հանդիսատեսն այդպես ընդունեց ինձ, իրոք, պարտավորեցնող է։ Շատերը փորձում են ցույց տալ, որ սատարում են, համակրում են, դրանով շատ ավելի ուժեղ ես քեզ զգում։ Ի դեպ, շատ ուրախ եմ, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշման կապակցությամբ, իմ պաշտոնավարումը վերականգնվել է ու շարունակելու եմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր։ Շատ ծրագրեր ունենք կատարելու»,-ասաց Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ հանգամանքների բերումով աշխատելու հնարավորությունից զրկված էր, սակայն ժամանակն օգտագործել է հանգստանալու, սովորելու, ընթերցելու համար։

Հայերեն Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող