Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը դեկտեմբերի 25-26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ Երևանի հետ առկա հարցերը Մոսկվան պատրաստ է լուծել պրոֆեսիոնալ ձևով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախաամանորյա ավանդական հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը», - նշել է պաշտոնյան։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, Զախարովայի խոսքով, դրա մասին բազմիցս և հանգամանորեն հայտարարել են ինչպես ՌԴ նախագահը, արտգործնախարարը, այնպես էլ ՌԴ նախագահի վարչակազմը և արտգործնախարարությունը։

«Առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով՝ Մոսկվայում մշտապես պատրաստ են լուծել բոլոր ի հայտ եկող թեմաները հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ձևով», - ասել է Զախարովան:

Հայերեն العربية Français Русский 简体中文