Քաղաքականություն

Վաշինգտոնը ողջունում է Հայաստանում և Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը ողջունում է Հայաստանում և Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանում և Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև այն, որ կողմերը քննարկում են վստահության կառուցման այլ քայլեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի կողմից պահվող անձանց վերադարձի գործում ԱՄՆ-ն դերակատարում ունեցել է, Միլլերը նշել է․ «Պետքարտուղարի օգնականը (խմբ․՝ Ջեյմս Օ’Բրայենը) տարածաշրջանում էր։ Մենք սա խրախուսել ենք, ակտիվորեն խրախուսել ենք երկու կառավարությունների հետ շփումներում։ Մենք ողջունում ենք այսօր ավելի վաղ (խմբ․՝դեկտեմբերի 13-ին) հայ և ադրբեջանցի պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև այն հաղորդումները, որ քննարկվում են վստահության կառուցման լրացուցիչ քայլեր», - ասել է Միլլերը։

Պաշտոնյան կրկնել է, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում Հարավային Կովկասում խաղաղությունը։

«Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն հետամուտ լինել դրան», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Ինչ վերաբերում է ավելի վաղ արված հայտարարությանը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոնում հյուրընկալելուն, Միլլերը հրաժարվել է նման բանակցությունների հստակ օր նշել։

Ջեյմս Օ’Բրայենը Բաքու էր մեկնել դեկտեմբերի 6-ին և այնտեղ ունեցած հանդիպումներն անվանել էր «դրական և կառուցողական»։

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 32 հայ զինծառայող։ Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ադրբեջանցի երկու զինծառայողի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում