Ապարանի ոստիկանները հայտնաբերել են արծաթափայլ եղևնիներ գողացած տղամարդուն
1 րոպեի ընթերցում
![Ապարանի ոստիկանները հայտնաբերել են արծաթափայլ եղևնիներ գողացած տղամարդուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126117.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժինը դեկտեմբերի 11-ին հաղորդում է ստացել, որ Լուսագյուղ տանող ճանապարհից գողացել են չորս արծաթափայլ եղևնի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արծաթափայլ եղևնիներն ապօրինի հատել և գողացել է Ապարանի 60-ամյա բնակիչը:
Ըստ աղբյուրի՝ նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին, որտեղ հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը: Հայտնել է նաև, որ արծաթափայլ եղևնիներն իր տանը կից ջերմատանն են:
Նշվում է, որ 60-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: