Քաղաքականություն

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին

2 րոպեի ընթերցում

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից օրերս արված համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության խոսնակին։

«Իրանը ողջունում է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման փոխադարձ միջոցների մասին, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ և դա համարում է կառուցողական քայլ խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Պաշտոնյան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են տարածաշրջանային երկխոսությունն ու մեխանիզմները հակամարտությունների կարգավորման գործում։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում է վստահության կառուցման մթնոլորտ և համագործակցություն տարածաշրջանային կողմերի միջև», - հավելել է Քանանին:

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները արդյունք կտան՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու երկու հարևան պետություններին կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում