Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները եղել են երկկողմ ձևաչափով, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին նշում չկա. Խանդանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները եղել են երկկողմ ձևաչափով, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին նշում չկա. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ ձևաչափով, որի արդյունքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում միջնորդ եղել է։

«Տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև և այդ բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել երեկվա հայտարարությունը։ Բանակցությունները երկկողմ էին, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին նշում չկա»,- ասաց Խանդանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք այս հայտարարությամբ երկկողմ ձևաչափով բանակցությունների հիմք է դրվել, Խանդանյանը պատասխանեց.

«Այս հարցը հումանիտար խնդրին է վերաբերվում, և ևս մեկ շատ զգայուն խնդրի՝ գերիների վերադարձին, որի շուրջ շատ երկար և բազմիցս խոսել ենք և հնարավորություն է առաջացել այդ հարցը այս ձևաչափում բանակցել և լուծել։ Սա շատ կարևոր հայտարարություն է և պետք չէ թերագնահատել այս հայտարարությունը, ինչպես նաև պետք չէ գերագնահատել այն՝ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Հայաստանը շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել այս տարվա հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում: Հայաստանը հորդորում է նաև միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունը այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- եզրափակեց Խանդանյանը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի հրապարակել են համատեղ հայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»- նշված է համատեղ հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում