ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ, ինչպես նաև վեհաժողովի լիագումար նիստին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն ընդգծել է, որ այդ նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում։
«Կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե մենք նայենք, օրինակ, 2020 թվականին նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը՝ որպես Ռուսաստանի դաշնակից, բազմաթիվ անգամներ շատ-շատ վատ է դրսևորել իրեն՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելուց: Այսինքն՝ Ադրբեջանն ինչ ուզել, մեր տարածաշրջանում արել է, և Ռուսաստանը կա՛մ չի արձագանքել, կա՛մ չի կարողացել դա անել»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հիշեցրեց՝ ռուսական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել Ուկրաինա, այնինչ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բազմիցս Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին նախագահին:
«Բայց Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն մենք չլսեցինք: Խախտվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, խախտվել են ներքին պայմանավորվածությունները, գերիների վերադարձի պայմանավորվածությունը և այլն: Բայց Ռուսաստանը, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում, իմ կարծիքով, կամ չի կարողանում, կամ ձև է անում, որ չի նկատել, որպեսզի դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,-ասաց Սիմոնյանը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանն այդ մասին նամակով տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։