ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է բարձրագույն և ավագ սպայակազմի ատեստավորման քննություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 30-ին ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։
Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։
Ըստ աղբյուրի՝ ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներին և բարձրաստիճան սպաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ նրանք հավուր պատշաճի կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր գնահատականը։