Հասարակական

ՀՀ ՆԳՆ-ն հատուկ համահավաք ջոկատի մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն հատուկ համահավաք ջոկատի մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարությունն ամփոփել է նոյեմբերի 20-ից 24-ն անցկացված «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները, որի ակտիվ փուլին ներկա են եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Զորավարժությունը ղեկավարել է Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, մի քանի փուլով անցկացված զորավարժությանը մասնակցել են ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության, պետական պահպանության ու քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների, տնտեսական, բժշկական, փորձաքրեագիտական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների, պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և ՆԳՆ կրթահամալիրի ստորաբաժանումների ծառայողներ։

«Զանգվածային անկարգությունները խափանելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով սկսվում է հատուկ օպերացիա. հատուկ նշանակության գումարտակի ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում մեքենաներում գտնվող զենք-զինամթերքը։

Կատարվում են մարտավարական գործողություններ` օգտագործելով հատուկ տեխնիկա։

Հատուկ համահավաք ջոկատի խմբերը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Նշվում է, որ զորավարժության նպատակն էր` կատարելագործել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ շտաբի և հատուկ համահավաք ջոկատի գործնական հմտությունները, զարգացնել ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցությունը ։

Ըստ աղբյուրի՝ զորավարժության ավարտին տեղի է ունեցել ծառայությունում աչքի ընկած ոստիկանների պարգևատրման արարողություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում