Հասարակական

«Երիտասարդ, ակտիվ, լսելի» նշանաբանի ներքո Երևանում մեկնարկել է առաջին երիտասարդական ցուցահանդեսը

5 րոպեի ընթերցում

«Երիտասարդ, ակտիվ, լսելի» նշանաբանի ներքո Երևանում մեկնարկել է առաջին երիտասարդական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ, ակտիվ, լսելի» նշանաբանի ներքո Երևանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ գործող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի առաջին երիտասարդական ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 24-26-ին անցկացվող ցուցահանդեսի ընթացքում կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն 200-ից ավելի երիտասարդներ Երևանից, Մեծամորից, Արմավիրից, Գյումրիից, Եղվարդից, Ոսկեպարից, Բաղանիսից և Կողբից՝ և՛ որպես երիտասարդների դրական զարգացման հայեցակարգի թեմաներին վերաբերող քննարկումների ու աշխատարանների խոսնակներ և մասնակիցներ, և՛ որպես կամավորներ:

Ցուցահանդեսի մեկնարկի պաշտոնական բացման պատվավոր հյուրերն էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար՝ Ռեբեկա Ուայթը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

«Մենք ԱՄՆ ՄԶԳ-ում հավատում ենք, որ երիտասարդները կարող են ապրել առողջ, արդյունավետ և ներգրավված կյանքով, եթե նրանց հասանելի լինի բարձրորակ տեղեկատվություն, անվտանգ ծառայություններ և առավել բարձր կենսամակարդակի հնարավորություններ: Այսպիսի միջոցառումները լիովին նպաստում են այս նպատակների իրագործմանը՝ խթանելով համագործակցությունը և համայնքներում դրական փոփոխություններ կատարելու նրանց ձգտումները»,- միջոցառման բացման ելույթում նշեց Ռեբեկա Ուայթը։

«Փրոջեքթ Հարմոնի»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը ընդգծեց, որ ՀՀ մարզերի և Երևանի մոտ 40 հասարակական կազմակերպություններ եռօրյա ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն երիտասարդների համար նախատեսված իրենց ծրագրերն ու ծառայությունները։

«Այս օրերին այցելուները կմասնակցեն գիտելիքի և հմտությունների զարգացման նպատակով կազմակերպված 9 աշխատարանի, 2 պանելային քննարկման և մի շարք այլ միջոցառումների։ Մասնակիցները կներկայացնեն երիտասարդների խնդիրները, հնարավոր լուծումները, ինչպես նաև՝ կքննարկեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդներին հուզող հարցերը։ Ցուցահանդեսը երիտասարդներին կօգնի ձեռք բերել նոր ծանոթություններ ու գործընկերներ, համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտեց Մարտիրոսյանը:

Միջոցառմանն ակտիվորեն ներգրավված կլինեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարին կից աշակերտական խորհրդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի երիտասարդ անդամները։ Նրանք իրենց հասակակիցներին կներկայացնեն համայնքային, ազգային և միջազգային մակարդակներում հանրային մասնակցության իրենց նշանակալի փորձառությունները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն էլ, ողջունելով նման կարևոր միջոցառման մեկնարկը, ընդգծեց, որ շատ կարևոր է յուրաքանչյուր երկրի համար ունենալ բանիմաց, խելացի, ակտիվ և նվիրված երիտասարդներ, քանի որ դա երկրի կայուն ապագայի շատ կարևոր գրավականներից մեկն է:

«Եթե երիտասարդները ներգրավված լինեն համայնքային և ազգային մակարդակով որոշումների կայացմանը և մասնակցեն համայնքների աշխատանքներին, շատ ավելի արդյունավետ կլինի մեր համայնքների կայուն զարգացումը: Պետք է նշեմ, որ այս և մեր հետագա բոլոր ծրագրերը միտված են զարգացնելու երիտասարդների կարողությունները»,-ասաց Ասլանյանը:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու համար Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։

Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան»-ի գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն - ՍԻՎԻՏԱՍ»-ը և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում