Քաղաքականություն

Տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսության մակարդակը, հատկապես՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդի՝ Հայաստան պաշտոնական այցի համատեքստում: Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:

Քննարկվել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, առևտրատնտեսական, կրթամշակութային, առողջապահական, հումանիտար և այլ ոլորտներում Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության զարգացման, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Նախարարի տեղակալ Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել ԼՂ ժողովրդի էթնիկ զտման հետևանքով ի հայտ եկած մարտահրավերները, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու հայկական կողմի ջանքերը, Հայաստանի տեսլականը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և մերձավորարևելյան տարածաշրջանի համար այս համատեքստում ստեղծվող հնարավորություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում