Միջազգային

ԱՄՆ զինված ուժերն Իրաքում հարվածներ են հասցրել երկու օբյեկտների

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերն Իրաքում հարվածներ են հասցրել երկու օբյեկտների

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում երկու օբյեկտների՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ իրականացված հարձակումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 22-ի առավոտյան Իրաքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերն առանձին ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող երկու օբյեկտների: Հարվածներն ուղղակի պատասխան են Իրանի և նրա օժանդակությունը վայելող խմբերի կողմից ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիոն ուժերի դեմ հարձակումներին, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին Իրաքում տեղի ունեցած հարձակմանը, որի ժամանակ գործի է դրվել գործողության փոքր շառավղով բալիստիկ հրթիռ», - ասված է հաղորդագրության մեջ։

Այս հարձակման առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի մի քանի զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, բացի այդ, թեթև վնաս է հասցվել ենթակառուցվածքին։

Պենտագոնի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերը 66 անգամ ենթարկվել են հարձակման: Սակայն, ըստ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհի, առաջին անգամ է այդ հարձակումների ժամանակ օգտագործվում նման բալիստիկ հրթիռ։

Սիրիայի տարածքում տեղակայված են շուրջ 900, Իրաքում` 2500 ամերիկացի զինծառայողներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում