Քաղաքականություն

Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։

Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։

«Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի կարգադրությունն էր Հայաստանին օգնության վերաբերյալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Ըստ այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ փաստաթղթի մի շարք կետեր մշակման կարիք ունեին։ Պետությունների ղեկավարները հանձնարարել էին լրամշակել այդ փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման։

2023 թ․ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան ՀԱՊԿ երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների խորհուրդների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։ Նոյեմբերի 23-ին նշանակված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում