ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին մասնակցել է «Գլոբալ Հարավը և մեկ զարգացում» թեմայով «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման միջոցառումների նախաձեռնումը: Նշելով Հնդկաստանի հանձնառությունը «Աշխարհը մեկ ընտանիք է» գաղափարի իրագործման համար՝ նախարարի տեղակալը կարևորել է աշխարհում խաղաղության, համերաշխության ու ներդաշնակության առաջնահերթությունը: Նա հավելել է, որ գլոբալ մարտահրավերները, պայմանավորված մատակարարման գլոբալ շղթաների խաթարմամբ ու զինված հակամարտություններով, խստագույնս են անդրադարձել Հայաստանի վրա՝ հանգեցնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման:
Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք խաչմերուկում որպես միացնող հանգույց հանդիսանալու Հայաստանի հանձնառությանը և, որպես խաղաղության օրակարգի բաղադրիչ, կարևորել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Նշվում է, որ գագաթնաժողովին մասնակցել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, ինչպես նաև «Գլոբալ Հարավը» ներկայացնող տասնհինգից ավելի երկրներ ու այդ երկրների հետ սերտ համագործակցող պետություններ: