Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, մեծ կորուստ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար:

Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և շնորհավորել Հայաստանին՝ ամռանը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին ակտիվ մասնակցության և նվաճած մեդալների առիթով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ 2027 թ. խաղերի բարձր մակարդակով անցկացումը կարևորվում է նաև այն տեսանակյունից, որ դրանք կլինեն հոբելյանական՝ 10-րդ խաղերը: Համաձայն պատվիրակության նախնական գնահատականի՝ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին զարգացած են, և վերջին տարիներին Հայաստանում անցկացված տարբեր միջոցառումների, այդ թվում՝ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բարձր մակարդակը վկայում են, որ 2027 թ. խաղերը ևս կունենան մեծ հաջողություն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը հանձնառու է միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար և, Հայաստանի հայտի հաստատման դեպքում, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ ամեն ջանք կգործադրվի այդ ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում