Հայաստան-ԵՄ համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածվել քաղաքական և անվտանգային հարցերով նիստի արդյունքներով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄքաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությաներկրորդ բարձրաստիճան նիստը, որի արդյունքներով կողմերը տարածել են համատեղ մամուլի հաղորդագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մամուլի հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը, երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում: ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել եվրոպական անվտանգային ճարտարապետության ներկայիս մարտահրավերներին: Այս համատեքստում խստորեն ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը:

Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա: Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:

Հայաստանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելություն) արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը: Հայկական կողմը նաև ողջունել է առաքելության կազմում երրորդ երկրների ներգրավման կապակցությամբ ԵՄ պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:

Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում` վերադարձի իրավունքը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ այժմ ձեռքբերված համաձայնությունները, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:

Երկխոսության մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վիճակը, ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգության այլ մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Հայաստան-ԵՄքաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությանհաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.:

Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությաներկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան»:

Հայերեն العربية English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար