ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, ներկայացրել է 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական «Ադիդաս»-ի և ՈՒԵՖԱ-ի համատեղ գնդակը ստացել է «Ֆուտբոլասեր» (Fussballliebe) անվանումը: Գնդակի ներսում հատուկ տեխնոլոգիա է տեղադրված, որը հնարավորությունը կտա խաղային իրավիճակներում հնարավորինս ճիշտ որոշումներ կայացնել:
Ավելի վաղ կազմակերպիչները ներկայացրել էին Եվրո-2024-ի թալիսմանին: Ֆուտբոլի առաջնության մասկոտը` թալիսմանը, արջուկ է: Թալիսմանը հարգանքի տուրք է մեծ ժողովրդականություն վայելող մանկական խաղալիքներին, որոնք ստեղծվել են Գերմանիայում՝ 20-րդ դարի սկզբին: Այն կրում է Ալբերտ անվանումը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայի 10 քաղաքներում, 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը: