Քաղաքականություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի օրվա կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է․

«Արդեն մի քանի հազարամյակ է, ինչ մարդկությունը չի կարողանում հաղթահարել ամենաամոթալի երևույթներից մեկը՝ մարդատյացությունը։ Վերջին հարյուրամյակներում թվում է, թե համաշխարհային կործանարար շրջադարձերից հետո հնարավոր է հասնել ռասիզմի բացառմանը, բայց, ցավոք, մարդկության դեմ ուղղված նոր հանցանքները գալիս են փաստելու այս հարցում համաշխարհային վճռականության թերի ու երկիմաստ մոտեցումները։

1990-ական թթ․ սկզբից նոյեմբերի 9-ը «Դիմադրիր այսօր՝ հիշելով երեկը» կարգախոսով նշվում է որպես ֆաշիզմի, ռասիզմի և հակահրեականության դեմ պայքարի օր։ Այս կարգախոսը լավագույնս արտահայտում է խնդրի լուծման միակ միջոցը՝ անցյալի վերհանումը՝ բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։

Ցավոք, մեր տարածաշրջանը վերջին տասնամյակներում քանիցս ականատես է եղել ռասիզմի վատագույն դրսևորմանը՝ էթնիկ զտումներին, որովհետև հայատյացությունը առնվազն վերջին երեսուն տարիների ընթացքում եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքային տարրը։ Ասվածի վառ վկայությունն են պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջական և բռնի հայաթափումը, հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության յուրացումը, խեղաթյուրումը կամ պարզապես ոչնչացումը։ Մեծ ջանքեր չեն պահանջվում նկատելու համար այն պարզ իրողությունը, որ միայն ռասիստական և կրոնական խտրական հայացքներով առաջնորդվող պետությունը կարող է 10 ամիս շրջափակման մեջ պահել 100 հազարից ավել մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 2000 հղի կանանց, 20 հազար տարեցների, 9000 հաշմանդամների, միայն հակահայկական և հակամարդասիրական արժեքներ դավանող պետությունը կարող է ռազմական գործողությունների ժամանակ թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ, սպանդի ենթարկել երեխաների։

Արձանագրելով վերոնշյալը՝ մենք՝ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից բռնի տեղահանվածներս, հավատարիմ մնալով «Դիմադրիր այսօր՝ հիշելով երեկը» կարգախոսին, պահանջում ենք միջազգային հանրությանն իր ուշադրությունը սևեռել մեր տարածաշրջանում ռասիզմի դրսևորման այժմեական խնդրին, պահանջում ենք գործուն քայլեր կատարել՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ինչպես 1988-1992 թթ․ Սումգայիթի, Բաքվի կոտորածների, Կիրովաբադից, Խանլարից, Շաքիից, Դաշքեսանից, Հյուսիսային Արցախից և այլ վայրերից բռնի տեղահանման, այնպես էլ 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական հանցանքների, նպատակադիր ցեղասպանածին քաղաքականության և վերջապես հաշված օրերի ընթացքում զենքի կիրառմամբ իրականացված էթնիկ զտման համար։

Մենք ողջունում ենք ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի օրը և լիահույս ենք, որ թե՛ մեր, թե՛ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքները՝ փոխհատուցումից մինչև երաշխավորված վերադարձ՝ ապահովված կլինեն Ադրբեջանում ռասիզմի և հայատյացության ամբողջական բացառման պայմանով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում