ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածա հաղորդագրությունից:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արքունիքի ավագ անդամ, ՄԹ արքունիքի և դիվանագիտական կորպուսի միջև կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ։
Ներկաները գրառում են կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում, որտեղ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ջանքեր են գործադրել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։
Լոնդոնի սրտում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումն ի ցույց է դնում մեր պատրաստակամությունը խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին` ի շահ մեր երկու ժողովուրդների»։