Քաղաքականություն

Սարգիս Խանդանյանը լեհ փորձագետներին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Սարգիս Խանդանյանը լեհ փորձագետներին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեհաստանից Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին, փոխդեսպան Մարչին Ռոզիցկին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հայ-լեհական խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը, դրանց զարգացման գործում կարևորել բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին:

Լեհ փորձագետների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև ԼՂ-ից տեղահանված փախստականների առաջնային կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերին, կարևորել միջազգային գործընկերների հումանիտար աջակցության ցուցաբերումը: Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը, այդ թվում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության արդյունավետ կիրարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում