Պաշտոնական

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը տպավորված է Երևանում անցկացվող Աշխարհի առաջնության բացման արարողությամբ

2 րոպեի ընթերցում

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը տպավորված է Երևանում անցկացվող Աշխարհի առաջնության բացման արարողությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, ով Հայաստանում է գտնվում Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նշել է՝ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը:

Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ տպավորված է Աշխարհի առաջնության բացման արարողությամբ, իսկ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստան են ժամանել մարզիկներ ավելի քան 70 երկրից: Միաժամանակ, պարոն Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ աֆրիկյան և ասիական մի խումբ երկրների մարզիկների հյուրընկալության ծախսերը հոգալու համար:

Վասիլի Շեստակովը վարչապետ Փաշինյանին պարգևատրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն իր հերթին վարչապետին պարգևատրել է Աշխարհի առաջնության հուշամեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում