ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստի և ժամանցի համալիրներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Պտղնի գյուղի՝ Երևան-Աբովյան խճուղում գտնվող հանգստի և ժամանցի համալիրներից մեկի սրահներից մեկում, որը գտնվում է վերանորոգման փուլում:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18:44-ին։ Այրվել են սրահի առաստաղի երեսպատման կտորե շերտը՝ 320 քմ և նրբատախտակը՝ մոտ 6.6 քմ: