Հասարակական

Գրեթե յուրաքանչյուր դաշտում իրավական որակյալ ռեսուրսի օգտագործման անհրաժեշտություն կա. Վարդանյան

5 րոպեի ընթերցում

Գրեթե յուրաքանչյուր դաշտում իրավական որակյալ ռեսուրսի օգտագործման անհրաժեշտություն կա. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ Հայ իրավաբանների երևանյան համագումարի կազմակերպումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մեր պետական ամբողջ համակարգը շարունակում է շատ արդյունավետ գործել՝ փաստելով, որ մենք ունակ ենք ներգրավել օտարերկրյա իրավաբանական ներուժը Հայաստանին հետաքրքրող հարցերին վերաբերող իրավական լուծումներ գտնելու առնչությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ անկախ ցանկացած իրավիճակից, պետք է ելնել այն տրամաբանությունից, որ պետական մարմինների գործունեությունը և ՀՀ-ի կողմից իրականացվող բնականոն գործընթացները պետք է որևէ կերպ կամ եղանակով չկասեցվեն ու կանգնեցվեն։ Շատ վտանգավոր է ինչ-որ փաստական հանգամանք կամ իրավիճակային փոփոխություն վերցնելով՝ հրաժարվել պետական ապարատի գործունեության բնականոն ընթացքից։ Պետությունը դրանով է կենսունակ, որ նույնիսկ լարված իրավիճակներում շարունակում է իր կենսագործունեությունը բնականոն ռիթմով։ Վարդանյանի դիտարկմամբ՝ տվյալ համագումարի կազմակերպումը ևս մեկ անգամ վկայում է այդ մասին։

«Ցանկացած ոլորտ՝ սկսած IT բնագավառից, վերջացրած միջպետական համագործակցությամբ և միջազգային հայցերով, կարող է ներգրավել մեր սփյուռքահայ բարեկամներին, որովհետև բոլոր գործընթացները պահանջում են որոշակի իրավական կարգավորումներ։ Գրեթե յուրաքանչյուր դաշտում անհրաժեշտություն կա իրավական որակյալ ռեսուրսի օգտագործման։ Այդ առումով մենք բաց ենք սփյուռքի մեր բոլոր գործընկերների ու բարեկամների առջև։ Այլ խնդիր է, որ համագործակցությունը պետք է լինի բացառապես Հայաստանի Սահմանադրությանը համահունչ և բխի ՀՀ-ի ազգային շահերից։ Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ, այդուհանդերձ մեզ համար գերակա է մեր օրենսդրությունը, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում ցանկացած արդյունավետ համագործակցություն միջազգային գործընկերների հետ»,- ասաց Վարդանյանը։

HM2_0153.jpg (642 KB)

Նրա պնդմամբ՝ ՀՀ օրենսդրությունը նույնպես վակուումում չի գտնվում, այն բազում անգամ կրկնօրինակել կամ վերցրել է օտարերկրյա լավագույն փորձը, և այդ առումով եթե լավ հնարավորություն կա նավարկելու ցանկացած օրենսդրական կանոնակարգում, խորհրդարանականները միայն ուրախ կլինեն։ Ըստ նրա՝ պետք է հարթակ բացել սփյուռքահայերի համար՝ առավել ակտիվ լինելու նպատակով, ինչպես նաև օրենսդրական ակտերի փոփոխությունների հարցում օժանդակություն ցուցաբերելու առումով։ Սփյուռքահայ գործընկերները նույնպես պետք է առաջնորդվեն այն ընկալմամբ, որ Հայաստանում իրականացվում է ամենօրյա գործունեություն, ուստի անհրաժեշտ է հայկական համայնքների օժանդակությունը, որը նաև պետք է լինի բոլոր այն իրավական նորմերի շրջանակում, որոնք գործում են Հայաստանում։

Արդեն Հայ իրավաբանների համագումարի պանելային քննարկման ժամանակ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ շատ անելիքներ կան, որոնք պետք է իրականացվեն համատեղ ուժերով։ Գործընթացն իրավական առումով կարելի է դիտարկել՝ որպես որոշակի առումով զարգացող, որն, ըստ էության, համահայկական ուշադրության տիրույթում է։

«Մեր իրավական գործընթացները շատ նման են եվրոպական առաջադեմ երկրներում առկա պրոցեսներին։ Մեզանում շատ արագ նույնպես ընդունվում են օրենքներ, ինչը պայմանավորված է լինում առկա իրավիճակով և դրան արագ արձագանքելու անհրաժեշտությամբ։ Խնդիրը շատ դեպքերում առաջանում է այն պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը բավականին դետալացված է, մանրամասնված է։ Կան օրենքներ, որոնք ընդհուպ տեխնիկական ռեգլամենտների մակարդակով են կանոնակարգում հարաբերությունները։ Դա արված է նախկինում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և առավել հստակ իրավական վարքագծի դրսևորում ապահովելու համար։ Առհասարակ չկա իդեալական օրենք, այն դառնում է իդեալական իր կիրառման մեջ»,- ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Վարդանյանն ընդգծեց, որ կան շատ օրենսդրական ակտեր, նույնիսկ սահմանադրական նորմեր, որոնք առաջին հայացքից այնքան էլ կատարյալ չեն կամ ընդհանրապես զուրկ են տրամաբանությունից, սակայն կիրառման մեջ դրանք դրսևորում են բավականին արդյունավետ երանգներ։ Կան նաև օրենքներ, որոնք կարծես թե ի սկզբանե համահունչ են միջազգային չափանիշներին, բայց կիրառելիս մարդիկ բախվում են լրջագույն խնդիրների, ուստի օրենքներ մշակելիս նախևառաջ պետք է հասկանել, թե ինչ իրականության մեջ ենք ապրում, արդյո՞ք օրենսդրորեն ամրագրված օրենքներն ընդունելի և հասկանալի են։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում